Նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագիրն ընդունվել է, գազի մասով` ճշգրտումների կարիք կա
ՏնտեսությունԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն:
Այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ: «Եթե նավթի ու նավթամթերքի մասով մենք եկել ենք լիակատար համաձայնության, և այդ փաստաթուղթը հաստատվել է, ապա գազի առնչությամբ մի կետ է մնացել, որի շուրջ պետք է աշխատենք կոլեգիայում և ներկայացնենք վարչապետների քննարկմանը հաջորդ նիստի ժամանակ»,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա ասաց, որ այսօր շատ հետաքրքիր քննարկում էր ընթանում կապված նրա հետ, թե ինչպես պետք է ապահովվի ոչ խտրական մոտեցում շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչպես պետք է կատարվի ապրանքների տարանցում, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ստեղծվի բոլորի համար: «Քննարկել ենք, թե ինչպես պետք է երրորդ երկրներին նավթ ու գազ վաճառելու մեխանիզմ մշակենք, ինչպես նաև` հնարավոր է, արդյոք, համաձայնեցված քաղաքականություն վարել սակագների ընդունման մասով»,-ասաց պաշտոնյան:
Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսականհանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: