ՀՀ ԱԻՆ-ն ընդլայնում է Վրաստանի ՆԳՆ-ի հետ համագործակցությունը
ՀասարակությունՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էր գտնվում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվիրակությունը: Այցի շրջանակում փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված տարբեր հարցեր:
Հանդիպման արդյունքում, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևյալ հարցերի շուրջ՝
- միջազգային օգնության տրամադրման դեպքում Հայաստանի և Վրաստանի տարածքում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ժամանակ տեղեկատվության փոխանակում;
- նախարարությունների ղեկավար կազմի և ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև ուղիղ կապի հաստատում;
- սահմանամերձ հենակետերի միջև փոխգործակցության խթանում;
- Վրաստանում ԻՆՍԱՐԱԳ-ի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական ջոկատի ստեղծման աջակցություն;
- համագործակցություն միջազգային մարդասիրական կազմակերպությունների շրջանակում;
- համատեղ ուսումնավարժությունների անցկացում և հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստում;
- երրորդ երկրին հրշեջ-փրկարարական ուժերի համատեղ օգնության տրամադրում»,- նշված է հաղորդագրության մեջ: