ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարացնում ենք 10 տարով՝ չմոռանալով նոր միջուկային էներգաբլոկի մասին. պաշտոնյա
ՏնտեսությունՀայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` ասելով, որ «առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը մի քանի երկրում առաջարկվող տարբերակներից ընտրություն կկատարի ու կունենա նոր էներգաբլոկ»:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ ատոմակայանի կյանքի տևողությունը երկարացնում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ այլընտրանքային աղբյուր չունենք: Տասը տարով երկարացնում ենք, բայց չենք մոռանում նոր միջուկային էներգաբլոկի մասին: Նոր էներգաբլոկ ունենալը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կշահագործվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկն ու ինչ ֆինանսավորում կլինի»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ներկայումս առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս են բերում և երկարացնում երկրորդի շահագործման ժամկետը, որի համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Հայաստանը:
Վահրամ Պետրոսյանը հիշեցրեց, որ առաջին անգամ են փորձում երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որի նախագծային շահագործման ժամկետն ավարտվել է 2016-ի սեպտեմբերին:
«Մի շփոթեք դա նրա հետ, որ 1989 թվականին երկրորդ էներգաբլոկը կանգնեց և շահագործվեց 6 տարի հետո: Դա շահագործման ժամկետի երկարաձգում չէր, այլ կանգնած բլոկի վերաթողարկում»,-ասաց նա:
Պաշտոնյանի տեղեկացմամբ` առաջին էներգաբլոկի ռեակտորի առանձին հանգույցներ, որոնք տեխնիկապես շատ լավ վիճակում են, տեղափոխվելու են երկրորդի վրա: