Ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների մշակման ու պահման համար միջոցներ նախատեսված են
ՀասարակությունՆերկայում ընթանում են բանակցություններ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահման համար բետոնե տարաների կառուցման առնչությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը: Նա վստահեցրեց, որ ատոմակայանի ժամկետի երկարաձգման ֆինանսական բյուջեում նախատեսված են գումարներ միջին և ցածր ռադիոակտիվ թափոնների հարցին լուծում տալու համար:
«Այս հարցում առկա է միջազգային փորձ, որից էլ մենք կօգտվենք: Հատուկ բետոնե տարաներ են, որոնց շահագործման ժամկետը 300 տարի է, միջին ու ցածր ռադիոակտիվ թափոնները սկզբնական մշակումից հետո լցվելու են այդ տարաների մեջ ու պահվելու են»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 27-ին կայացել է ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստը, որի ժամանակ քննարկել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեությանը վերաբերող հարցեր: