Զիդան. Այս պարտությունը չի անհանգստացնում ինձ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կատալոնական «Ժիրոնայից» կրած արտագնա պարտությունը 1:2 հաշվով:
«Կորցրինք 3 միավոր եւ 8 միավոր զիջում ենք առաջատարին, սակայն դա ոչինչ չի փոխում: «Ռեալը» կարող է չեզոքացնել այդ տարբերությունը: Կունենանք ավելի լավ օրեր, իսկ մեր մրցակիցները միավորներ կկորցնեն:
Չեմ կարծում, որ այս խաղում վատ հանդես եկանք: Չի կարելի ասել, որ մեր խաղում բացակայում էր ինտենսիվությունը: Մենք ձգտում էինք, այդ պատճառով այս պարտությունը չի անհանգստացնում ինձ: Պետք է ինչ-որ բան անել կենտրոնացվածության պակասի վերաբերյալ:
«Ռեալի» խաղում տարբերություն չեմ տեսնում Պրիմերայում եւ Չեմպիոնների լիգայում: Մենք ալարկոտ խաղ չենք ցուցադրում առաջնությունում, այլ հակառակը: Ես չունեմ այդպիսի զգացողություն: Փորձում ենք առաջ շարժվել ամեն օր: Թիմի խաղացողների ցանկությունն անփոփոխ է մնում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր Պրիմերայի նախորդ 13 խաղերում անընդմեջ՝ սահմանելով ռեկորդ: Արքայական ակումբն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ միավորներ կորցրեց արտագնա խաղում եւ 20 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Բարսելոնան» ունի 28 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիան»՝ 24: