Լիբանանի նախագահ Միշել Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները
ՏնտեսությունԼիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։ Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։
«Լիբանանահայերը կարևոր դեր են խաղում Լիբանանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում», - ասել է նա: Լիբանանի նախագահը նաև կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ:
Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը և ներդրումային հնարավորությունները։
«Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, և մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետ», - հավելել է նախարար Կարայանը:
«Մենք համարում ենք, որ Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ և լիբանանցի գործարարների դերը հատկապես կարևոր է այս համագործակցությունը խթանելու գործում», - ասել է նախարար Կարայանը և ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: