Մոսկվայից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայում՝ հավանական ռումբի պատճառով
ՄիջազգայինՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Թուրքիա թռչող Airbus A320 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել հոկտեմբերի 31-ի երեկոյան «Օդեսա» միջազգային օդանավակայանում:
Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ նշելով, որ ինքնաթիռը պատկանում թուրքական ավիաընկերությանը: Թե որ քաղաք էր այն ուղևորվում, չի նշվում:
Ուկրաինայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետի խորհրդականը տեղեկացրել է, որ թուրքական օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջք է կատարել՝ կապված ինքնաթիռում պայթուցիկի առկայության կասկածանքի հետ:
Վերջինիս տեղեկացմամբ՝ ուղևորներից մեկը գանգատվել է ստամոքսի խանգարումից և երկար ժամանակ մնացել է զուգարանում: Նշվում է, որ անձնակազմը, տարօրինակ համարելով ուղևորի վարքը, ստուգում է անցկացրել զուգարանի խցիկում և կասկածելի պայուսակ է հայտնաբերել:
Արդյունքում անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել մոտական օդանավակայանու: Այժմ օդանավում ստուգումներ են իրականացնում մասնագետները: