Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղից հետո Արթուր Դանիելյանն ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում
Սպորտ«Ստալի» 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը profootball.ua-ի վարկածով ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության նախորդ տուրի խորհրդանշական հավաքականում: 14-րդ տուրում «Ստալը» 1:1 հաշվով էր ավարտել Դոնեցկի «Շախտյորի» հետ արտանգա խաղը, իսկ Արթուր Դանիելյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
«Տուրի առաջին խաղում «Ստալը» գրանցեց առաջնության գլխավոր սենսացիաներից մեկը: Թիմի հաջողության կերտողներից մեկը կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանն է: Նա աչքի ընկավ անձնուրաց խաղով եւ նվազագույն սխալներ թույլ տվեց, ինչը հնարավորություն տվեց վաստակել միավոր»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ստալի» մեկնարկային կազմում էին նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյանները: Ամբողջ հանդիպումն անցկացրած Էդգար Մալաքյանը հանդես էր եկել ավագի թեւկապով, իսկ Գոռ Մալաքյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր արդեն 33-րդ րոպեին: