ՀՀ գլխավոր հյուպատոսը քննարկել է Հայաստանի և Հալեպի առևտրատնտեսական համագործակցության ծավալների վերականգնման հարցեր
ՏնտեսությունՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը:
Քննարկվեցին Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում:
Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ ներկայացվեց անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվեց, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Քննարկվեցին նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հալեպի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը` այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ սկսելու և առաջընթաց ապահովելու նպատակով:
Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` հոկտեմբերի 28-29-ը Սիրիա կատարած այցելության արդյունքների մասին»: