«Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը կարող է դառնալ արվեստի եւ արհեստի կենտրոն
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարությունը մշակում է ծրագիր՝ քաղաքի Աճեմյան փողոցում գտնվող 19-րդ դարի վերջերին կառուցված պատմամշակութային եւ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների վերականգնման համար: Դրանցից մեկը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքն է: Վերականգնման նախագիծն արդեն պատրաստ է:
«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Պատրաստ է նաև շենքի վիրտուալ նախագիծը և այն ներկայացվել է տարբեր կառույցների ու սպասում ենք հովանավորչական կառույցների՝ շենքը վերականգնելու համար»,-նշեց նախարարը՝ փաստելով, որ շենքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 1 մլն դոլար:
Ըստ նախագծի՝ վերանորոգումից հետո շենքի առաջին հարկում կլինեն ձեռարվեստի կենտրոններ, որտեղ կարող են հաճախել երեխաները և սովորել տարբեր արհեստներ, երկրորդ հարկում կտեղակայվի Գյումրիի պատկերասրահի մասնաճյուղը և երկրաբանական թանգարանը, իսկ բակում նախատեսվում է բացօթյա համերգասրահ: «Համերգասրահը շաբաթ և կիրակի օրերին կծառայի որպես արվեստի վերնիսաժ: Կառույցի այն հատվածը, որը եղել է Ցարական Ռուսաստանի փոստատան շենքը, ցանկություն կա դարձնելու փոստի թանգարան այդ նպատակով բանակցություններ են ընթանում ՌԴ փոստի հետ»:
Արմենուհի Մխոյան