Կապան-Մեղրի ավտոմայրուղու հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ
ՀասարակությունՍյունիքի մարզի դատախազությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նոյեմբերի 1-ին ստացել է Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում ապօրինի ծառահատման վերաբերյալ արձանագրությունը և վնասի հատուցման հաշվարկը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Համաձայն արձանագրության՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ և 3 ճյուղ, ինչի հետևանքով պատճառված վնասը կազմել է 1 միլիոն 89 հազար 154 ՀՀ դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունը ստացված արձանագրությունը և կից հաշվարկը նույն օրն ուղարկել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ նյութեր նախապատրաստելու ցուցումով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում արձանագրվել է ևս մեկ ծառի ու վեց ճյուղի ապօրինի հատում, ինչպես նաև ճշտվել են տարածքի կոորդինատները, դրա պատկանելությունը պարզելու համար:
Ենթադրյալ ծառահատում իրականացրած անձի/անձանց մասին լրատվամիջոցներում ներկայացվող տեղեկություններն ու տվյալները սահմանված կարգով կուսումնասիրվեն: