Իրանցի պաշտոնյան հերքել է Իրանի և «Ալ Քաիդայի» կապերի մասին ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքները
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոշտ պատասխան է տվել Իրանին «Ալ Քաիդա» ծայրահեղական խմբավորման հետ կապերի համար մեղադրող ԱՄՆ հատուկ ծառայություններին:
«Ալ Քաիդան» արմատներ ունի սաուդյան վահաբիզմի մեջ, իսկ ժամանակակից աշխարհի ահաբեկչական հարձակումները՝ Թել Ավիվ-Էր Ռիադ–Վաշինգտոն եռանկյունու», - գրել է իրանցի պաշտոնյան Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ին՝ Իրանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու համար: Հերքելով դրանք՝ Զարիֆն այդ ամենն անվանել էր ամերիկյան հատուկ ծառայությունների տարածած կեղծ լուրեր:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել էր փաստաթղթերի շարք, որոնք ամերիկյան կողմի պնդմամբ՝ իրենց մոտ են հայտնվել 2011 թվականին «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության գործողության ժամանակ: Տվյալ փաստաթղթերն իբր փաստում են, թե Իրանն առաջարկել է «Ալ Քաիդային» ֆինանսական և ռազմական աջակցություն։