Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի գործի վերաբերյալ Թուրքիան երաշխիքներ չի տրամադրել ու չի տրամադրի ԱՄՆ-ին
ՄիջազգայինՍտամբուլում կալանավորված ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի դեմ քրեական գործի կամ ցանկացած այլ իրավական գործընթացի վերաբերյալ Թուրքիան ամերիկյան կողմին որևէ երաշխիք չի տրամադրել ու չի տրամադրի, այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը, գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը:
Նշենք, որ նախօրեին և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան հայտարարել են փոխադարձ վիզաների տրամադրման սահմանափակման մասնակի չեղարկման մասին:
«Թուրքիան իրավական պետություն է, և մեր իշխանությունները չեն կարող որևէ երաշխիք տրամադրել իրավական այնպիսի գործընթացների վերաբերյալ, որոնք դեռ գտնվում են ընթացքի մեջ», - նշված է թուրքական դեսպանության հայտարարության մեջ:
Բացի այդ՝ թուրքական կողմը շեշտել է, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության ձերբակալված աշխատակիցները հայտնվել են թուրք իրավապահների ուշադրության կենտրոնում ոչ թե իրենց դիվանագիտական առաքելության կատարման շրջանակում, այլ այն պատճառով, որ իրենց ներկայացված են շատ լուրջ մեղադրանքներ: Հայտարարության մեջ շեշտվում է, որ տվյալ անձինք, դուրս գալով իրենց դիվանագիտական առաքելության սահմաններից, հանցանք են կատարել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: