Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձն ստացել է 2-րդ կարգ. ՀՔԱՎ
ՀասարակությունՀաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շ.-ին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել. սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ:
Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ս. Շ.-ի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին:
Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շ.-ի առողջական բոլոր խնդիրները:
Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը:
Սրանով Հանձնաժողովը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու վերաբերյալ դրույթները: Հաշվի առնելով վերոգրյալ խախտումները՝ Ս. Շարմազանովը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելու՝ 2017 թ. հուլիսի 11-ի որոշումը: Դրա արդյունքում ԲՍՓ գործակալությունը վերափորձաքննել ու Ս. Շարմազանովին 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչել: