ԿԺԴՀ-ի խնդիրը կարելի է լուծել. Թրամփը` Սի Ծինփինի հետ հանդիպմանը
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԿԺԴՀ խնդիրը կարելի է լուծել, հայտնում է ABC News-ը:
ԱՄՆ նախագահը Սի Ծինփինին հայտնել է, որ միասին նրանք կարող են լուծել «համաշխարհային բոլոր խնդիրները»:
«Կարծում եմ՝ մեզ մոտ կստացվի լուծել գրեթե բոլոր կամ հնարավոր է՝ բոլոր խնդիրները»,- ասել է Թրամփը՝ մասնավորապես նշելով, որ կա նաև Հյուսիսային Կորեայի խնդրի համար լուծում:
Չինաստանի առաջնորդն իր հերթին նշել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները «վերաբերում են ամբողջ աշխարհում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»:
«Չինաստանի և ԱՄՆ-ի համար միակ հավատարիմ ընտրությունը մնում է համագործակցությունը»,- հավելել է նա:
Սի Ծինփինը նաև հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել է Աֆղանստանի և Կորեական թերակղզու հարցով համակարգման ուժեղացումը և պայմանավորվել է «խթանել ամերիկա-չինական հարաբերությունների զարգացմանը»:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեա այցի ժամանակ Դոնալդ Թրամփը կոչ էր արել բոլոր երկրներին իրագործել Հյուսիսային Կորեային վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը և դադարեցնել այդ երկրի հետ առևտուրն ու բիզնեսը։