Մորատա. Իհարկե, կվերադառնայի «Ռեալ», բայց «Չելսիի» հետ բոլոր տիտղոսները նվաճելուց հետո
ՍպորտԱնկեղծ ասած, չեմ կարծում, որ «Ռեալը» ինձ հետ կկանչի, բայց ամեն ինչ հնարավոր է, ասել է Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան, որն այս ամռանն է Արքայական ակումբից տեղափոխվել Անգլիա:
«Իհարկե, կվերադառնայի «Ռեալ», բայց այն բանից հետո, երբ «Չելսիի» հետ կնվաճեմ բոլոր տիտղոսները եւ այստեղ կթողնեմ իմ հետքը: Դժվար է «Ռեալին» մերժելը, երբ այդ ակումբի ֆանատն ես: Բայց հիմա այդ մասին չեմ մտածում: Լոնդոնում ամեն ինչ հավանում եմ: Կցանկանայի նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ «Ռեալի» դեմ եւ հաղթել: Բայց հույս ունեմ, որ նրանց հետ չենք հանդիպի»,- Մորատայի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը արդեն մեկ անգամ վերադարձել է «Ռեալ»: 2014-2016 թվականներին Մորատան հանդես է եկել «Յուվենտուսում»: