Հյուսիսային Կորեան բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան մտադիր չէ բանակցել իր հրթիռային ու միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն ամբողջովին չդադարեցնի իր թշնամական քաղաքականությունը Փհենյանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Չա Սոն Նամը Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ, հայտնում է Newsru.com-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«ԿԺԴՀ-ն չի բանակցի իր միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հարցի շուրջ , քանի դեռ ԱՄՆ թշնամական քաղաքականությունն ու միջուկային սպառնալիքները ԿԺԴՀ-ի հասցեին ամբողջովին չդադարեն»,- շեշտել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Փհենյանը կշարունակի «պահպանել երկու ճակատներով միաժամանակ առաջ շարժվելու իր քաղաքական գիծը», զարգացնելով տնտեսությունն ու ավելացնելով միջուկային ներուժը։ Չա Սոն Նամը վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ն կգնա մինչեւ վերջ «ընտրված ուղով՝ առանց շեղումների»։
Անցած շաբաթ Թրամփը հայտնել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընին ու քննարկել նրա հետ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ դա ուժի ցուցադրում է կամ թուլության ցուցանիշ։Ես կարծում եմ , որ մարդկանց անմիջական շփումն այդքան էլ վատ բան չէ»,- նշել է նախագահը։ «Ես միանշանակ բաց եմ Կիմ Չեն Ընին դեմ առ դեռ հանդիպելու համար, բայց տեսնենք,թե ինչպես կստացվի։ Առայժմ այդ մասին խոսելու համար վաղ է»,- հավելել է Թրամփը։