Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի 32 ենթադրյալ կողմնակիցների
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը կիրակի Ստամբուլում 32 մարդու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով:
DW.com-ի հաղորդմամբ՝ բոլոր ձերբակալված անձինք այլ երկրների քաղաքացիներ են, որոնց ազգությունը չի հաղորդվում:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի 6 շրջանում իրականացված ոստիկանական արշավների ընթացքում:
Խուզարկության ժամանակ փաստաթղթեր են առգրավվել, այդ թվում՝ թվային կրիչներով:
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի ներսում ԻՊ-ի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակներում: Նոյեմբերի 10-ին ևս մի շարք քաղաքներում 109 մարդ էր ձերբակալվել, որոնցից 82-ն՝ այլազգի: