«Շնող» ՀԷԿ-ի կառուցումը կտևի չորս տարի
ՏնտեսությունՆախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
«Դեռևս 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել:
Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան, որը թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6 տոկոսը»,- ասաց Կարեն Դարբինյանը:
Նրա տեղեկացմամբ` ծրագրում մասնակցություն կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։