ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը
ՄիջազգայինԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Դա Թուրքիայի ինքնուրույն որոշումն է: Սակայն ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ այս զենքն անհամատեղելի է: Թուրքիան պետք է սա հաշվի առնի», - հայտարարել է Մեթիսը:
Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համալիրների գնման գործարքը, նշել էր, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով:
Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով: