Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու անդամ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության Էսքիշեհիրի գրասենյակի երկու ղեկավարներ Ահմեդ Ուլուչեբին և Ըշըք Փոլաթը թուրքական դատարանի կողմից դատապարտվել են 4 տարի 2 ամսվա ազատազրկման, գրում է diken.com.tr կայքը:
Քաղաքական գործիչները մեղադրվում են 2016 թվականին «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղվելու համար:
Դատական գործով անցնող ևս 10 հոգուց միայն մեկն է արդարացվել, մյուսները դատապարտվել են առավել քիչ ժամկետով ազատազրկման:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: