Թուրքիայում սպանվել է հայտնի քուրդ կին գրոհայիններից մեկը
ՄիջազգայինԹուրքիայի Շըրնաք նահանգում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ազդեցիկ անուններից մեկը համարվող կին գրոհային Հուլյա Էրօղլուն, այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Գյուլբահար կեղծանվամբ հայտնի Էրօղլուն համարվում էր Թուրքիայի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկն ու ընդգրկված էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության «կարմիր ցուցակում»:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Խմբավորումը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: