Բռնությունը` միակ գործիք
ՎերլուծականՄեկ անգամ չէ արդեն հաղորդագրություն ենք ստանում այն մասին, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է բռնություն: Դա կատարվում է ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ՝ դատարանում:
Նոյեմբերի 15-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ «Նոր Հայ:աստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Այս մասին հաղորդագրությունն այսօր տարածել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Սաֆարյանը քերծվածքներ է ստացել ուշագնացության հետեւանքով: Այդ մասին, հաղորդագրության համաձայն, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հենց Գեւորգ Սաֆարյանն է ասել:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, սակայն, հերյուրանք է որակում ուշագնացության մասին հայտարարությունները: Նա հավաստում է, որ դեպքից մեկ ժամ անց դիտորդական խումբ է գնացել «Նուբարաշեն», սակայն դիտորդներին թույլ չեն տվել հանդիպել Սաֆարյանին: Ավելին, փաստաբանի պնդմամբ, մի քանի խուց այն կողմ գտնվող Աշոտ Պետրոսյանը լսել է Սաֆարյանին ծեծելու ձայները: Ամեն դեպքում, տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ Գևորգը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանի նկատմամբ իբրև բռնություն կատարելու համար: Ոստիկանը հայտնի գործ տվողներից է, որին լուրջ մարդիկ ընդհանրապես չեն վերաբերվում: Ռեժիմի ստրուկ տերմինը, թերևս նրա համար է:
Իսկ ինչու՞ են պարբերաբար բռնության ենթարկում հենց Գևորգին: Ինչպես գիտենք, Գևորգը բավականին ազնիվ և չկոտրվող տեսակ է: Իշխանությունն որդեգրել է գուլակներին բնորոշ քաղաքականությունը: Դատապարտյալների նկատմամբ բռնություն է կիրառում իրեն ենթակա հանցածին տարրերի միջոցով: Իսկ դրանք, շատ լավ գիտենք, որ բավականին շատ են և ամենուր: Կարող ենք փաստել, որ Սարգսյանի ռեժիմի համար, միակ գործիք մնացել է բռնություն գործադրելը:
Ատոմ Ոսկանյան