Լիբանանի վարչապետը ժամանել է Ֆրանսիա. լրատվամիջոց
ՄիջազգայինԻր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ Սաուդյան Արաբիայից Ֆրանսիա է ժամանել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպելու համար, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով Հարիրիին մերձ աղբյուրին:
Հարիրին Էր Ռիադից թռել է ուրբաթ երեկոյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Հարիրին անսպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին: Սաուդական «Ալ Արաբիայով» հեռարձակվող ելույթում նա «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել է Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ եւ հայտարարել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:
«Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները անհիմն է որակել: Նասրալլահը նաեւ ասել է, որ Էր Ռիադը Հարիրիին ստիպել է հրաժարական տալ, եւ հնարավոր է՝ նրան բռնությամբ է Սաուդյան Արաբիայում պահում:
Ավելի վաղ՝ ուրբաթ, Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել էր, որ երկրի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայում է աշխատանքային այցով, եւ հույս է հայտնել, որ շաբաթ տեղի ունենալիք նրա այցը Փարիզ Բեյրութ վարչապետի վերադառնալու եւս մեկ վայր է:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Հարիրին շաբաթ կայցելի Փարիզ եւ կհանդիպի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: