Թուրքիայի մեջլիսում ընտրում են նոր խոսնակի
ՄիջազգայինԹուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին կընտրեն մեջլիսի խոսնակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեջլիսի նախագահի պաշտոնի համար առաջադրված է վեց թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից գործող նախագահ Իսմաիլ Քահրամանը և Թամեր Դաղլըն, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Զեքերյա Թեմիզելը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելմա Ըրմաքը, «Ազգայնական շարժում» կուսակցությունից Ջելալ Ադանը և անկախ պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն:
Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015 թվականի նոյեմբերի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-ի նոյեմբերի 22-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը:
Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2-ական տարով:
Մեջլիսի նախագահը կընտրվի գաղտնի քվեարկության միջոցով:
Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցից էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն: