Իրաքի դատարանն անօրինական է ճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
ՄիջազգայինԻրաքի դաշնային դատարանը երկուշաբթի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հակասահմանադրական լինելու մասին վճիռ է կայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի տեղեկատվական գքործակալությանը:
Ավելի վաղ Բաղդադի գերագույն դաշնային դատարանը հայտարարել էր, որ Իրաքի սահմանադրությունը երկրի որեւէ մասի անջատման հնարավորություն տվող հոդվածներ չի պարունակում:
Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզը սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որում անկախացմանը կողմ էին քվեարկել քրդերի 93 տոկոսը: Բաղդադը հանրաքվե անցկացնելու համաձայնություն չէր տվել եւ չի ընդունել դրա արդյունքները:
Քրդերի կողմից հանրաքվեի անցկացումից հետո Բաղդադը մի շարք պատժիչ միջոցների է դիմել քրդերի տարածքային կառավարության նկատմամբ, ինչպես նաեւ ուժային գործողություններ է սկսել ինքնավարության հետ վիճելի տարածքներում՝ առաջին հերթին Քիրքուքի նահանգում: Կողմերը փորձում են երկխոսություն վարել, սակայն մի շարք հարցերում հակասությունները պահպանվում են: