ԱՄՆ Պետքարտուղարությունում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն ամուսնական կյանքի հետ են համեմատել
ՄիջազգայինԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունները համեմատել է ամուսնական կյանքի հետ՝ մեկնաբանելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք ձեռնարկատեր Ռեզա Զարրաբի դեմ քրեական գործը Թուրքիայի դեմ քաղաքական դավադրություն են որակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջերս նրանք մեզ մեղադրեցին պետական հեղաշրջմանը նման ինչ-որ բան հովանավորելու մեջ: Ասեմ, որ դա ծիծաղաշարժ է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Թուրքիայում 2016 թվականի իրադարձությունների հետ, երբ զինվորականները նախաձեռնել էին երկրում իշխանությունը գրավելու փորձ:
«Այս կամ այն պետության հետ մեր հարաբերությունները ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել: Ճիշտ ինչպես ամուսնության ժամանակ՝ լինում են լավ օրեր, իսկ երբեմն էլ վատ օրեր են պատահում: Երբեմն ինչ-որ մեկը մի բան է ասում, հետո զղջում է»,- նշել է նա:
Նաուերթը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր դաշնակից է: