Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունների կողմից փակված ընդդիմադիր «Զաման» պարբերականի լրագրող Այշենուր Փարըլդաքը դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լրագրողը մեղադրվում էր «գյուլենական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Դատական նիստին ներկա Փարըլդաքը, ով արդեն 16 ամիս կալանքի տակ է, չի ընդունել իր դեմ ներկայացված մեղքն ու պահանջել է իրեն ազատ արձակել:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով, ըստ նրա, այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: