Քրդական «փեշմերգան» հայտնել է, որ մինչ օրս որևէ արդյունքի չի հասել Բաղդադի հետ բանակցություններում
ՄիջազգայինԻրաքյան Քրդստանի «փեշմերգայի» հարցերով նախարարությունը հայտարարել է, որ մինչ օրս որևէ համաձայնության չի հասել Բաղդադի հետ բանակցություններում, այս մասին տեղեկանում ենք քրդական Rudaw գործակալությունից:
Տարածված հայտարարության մեջ քրդական կողմը նաև նշել է, որ Քրդստանում այս պահին բոլոր ռազմական գործողությունները դադարեցված են, նոր բախումներ չեն գրանցվել և լարվածությունը զգալիորեն նվազել է:
«Ցավոք, Իրաքի բանակի հետ ունեցած քննարկումներում «փեշմերգայի» ուժերը որևէ արդյունքի չեն հասել, թեև տարածքում այս պահին բախումները դադարեցված են և տարածքում ռազմական որևէ գործողություն չի իրականացվում», - նշել է նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին նաև պահանջել է քրդական «փեշմերգայից» ազատել բոլոր սահմանային անցակետերն ու հանձնել դրանց վերահսկողությունը Բաղդադին: