Ստամբուլի օդանավակայանում բրիտանացի զբոսաշրջիկից տաքսու վարորդը գանձել է 750 դոլար
ՀասարակությունՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից տաքսի նստած բրիտանացի զբոսաշրջիկը ստիպված է եղել տաքսու վարորդին անհավանական ուղեվարձ վճարել`3000 թուրքական լիրա (մոտ 750 ԱՄՆ դոլար), այս մասին գրում է թուրքական İHA գործակալությունը:
Նշվում է, որ գումարը տաքսու վարորդը կանխիկացրել է ուղևորի բանկային քարտից, նկատելով քարտից չափից դուրս մեծ գումարի կանխիկացումը զբոսաշրջիկը շտապել է բողոք ներկայացնել դեպի Թուրքիա իր ուղևորությունը կազմակերպած զբոսաշրջային ընկերությանը:
Պարզվում է, որ այն ճանապարհը, որը բրիտանացին անցել է տաքսիով, սովորաբար չպետք է գերազանցեր 300 թուրքական լիրան:
Զբոսաշրջային ընկերության թուրքական ներկայացուցչությունը, սակայն, ներկայացրել է համապատասխան անդորրագիր ու պնդել, որ 3000 լիրա հաշվի մեջ մտել է Բոսֆորի նեղուցով 4 ժամանոց ուղևորություն, ինչպես նաև օդանավակայանից հյուրանոց ու հետ փոխադրում շքեղ ավտոմեքենաներով: Մինչդեռ բրիտանացին, ինչպես պարզում է, նման շքեղություններից չի օգտվել: