Եգիպտոսում Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով 29 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԵգիպտոսում Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու, ինչպես նաև «Մահմեդական եղբայրներ» խմբավորմանն աջակցելու կասկածանքով 29 մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկանում ենք թուրքական diken.com.tr կայքից, որը հղում է կատարում եգիպտական MENA գործակալությանը:
Նշվում է, որ վերոնշյալ 29 անձինք պարբերաբար կապի են դուրս եկել Թուրքիայի հետախուզական կոմիտեի աշխատակցիների հետ ու տեղեկություններ փոխանցել նրանց:
Բացի այդ՝ ձերբակալվածները մեղադրվել են արտարժույթի անօրինական փոխանակման գործարքներ կատարելու համար:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու համար ձերբակալվել ու դատարանի առաջ են կանգնել Գերմանիայում և Ավստրիայում ապրող թուրքեր: Նրանցից մեկը դատարանում խոստովանել էր իր մեղքն ու նշել, որ տեղեկություններ է հավաքել Գերմանիայի քրդերի ու Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին: