Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորվել է ՆԳՆ եւ ԱԱԾ 3 հատուկջոկատային
ՄիջազգայինԲժիշկները Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինների վիճակը բավարար են գնահատում, հայտնում է Rustavi2 հեռուստաալիքը։
Մարտերի ժամանակ զոհվել է մեկ եւ վիրավորվել ՆԳՆ եւ ԱԱԾ 3 մարտիկ։ Բժիշկների խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատի 2 ծառայող թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ երրորդին վիրահատել են։ Նախօրեին վիրավորներին այցելել էին Վրաստանի նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին, ՆԳ նախարար Գեորգի Գախարիան եւ ԱԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ հատուկջոկատային սրունքոսկրի կոտրվածք է ստացել, նրան վիրահատարան են տեղափոխել, վերքը մշակվել է եւ համապատասխան միջամտություն կատարվել։ Մյուսների վիվճակը նույնպես կայուն է»,- ասել է բժիշկ Բակար Կուչավան։
Նախնական տեղեկություններով՝ խմբավորման անդամները, որոնց դեմ հատուկ գործողություններ էին ընթանում, օտարերկրյա քաղաքացիներ են։
Նշենք, որ գործողության ժամանակ զոհվել է մեկ հատուկջոկատային։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունը սկսվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տեւել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել: Հատուկ գործողության ընթացքում զոհվել է Պետական անվտանգության ծառայության մեկ անդամ, վիրավորվել՝ 4-ը: Թբիլիսիում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են: Ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Ռիզվան Գորնակաշվիլին է, որը կալանավորվել էր դեռեւս հատուկ գործողությունը սկսելուց առաջ։ Նա հիմա ցուցմունք է տալիս։