Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԵվրամիությունը կարող է դեկտեմբերին Թուրքիան ներառել «հարկային ապաստանների» սև ցուցակում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ԵՄ աշխատանքային խմբի փաստաթղթերին, որը կազմում է «հարկային հարցերով չհամագործակցող իրավասուների» ցանկը:
Թուրքիայի ֆիննախարար Նաջի Ագբալը հինգշաբթի հայտարարել է, որ երկրի ընդգրկումն այդ ցանկում անհիմն է: Thomson Reuters-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թուրքիան կատարում է միջազգային պարտավորվածությունները հարկային ոլորտում:
Նախարարի խոսքով՝ ԵՄ իշխանություններին նամակ է ուղարկվել, որում Թուրքիան հաստատում է իր պատրաստակամությունը տվյալ ոլորտում անհրաժեշտ աշխատանք տանելու հարցում:
Bloomberg գործակալության տվյալներով՝ այնուամենայնիվ, ԵՄ աշխատանքային խումբը եկել է եզրահանգման, որ Թուրքիան բավարար քայլեր չի ձեռնարկել հարկման թափանցիկությունն ապահովելու համար:
Սպասվում է, որ խումբը ցանկը կներկայացնի ԵՄ ֆիննախարարների քննարկմանը դեկտեմբերի 5-ի նիստին: Այդ ցանկում կարող են ընդգրկված լինել 36 երկիր: