Ղրղըզստանի նոր նախագահը խոստացել է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը
ՄիջազգայինՂրղըզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկով խոստացել է, որ իր կառավարման օրոք երկիրը կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
«Ղրղըզստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները հիմնվելու են ազգային շահերի պաշտպանության ու սոցիալական զարգացման սկզբունքների վրա: Ղրղըզստանը կշարունակի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Կամրապնդվի նաև ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ»,-Ժեենբեկովի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները հիմնվելու են փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանում նախագահական ընտրությունները անցկացվել են հոկտեմբերի 15-ին, Ժեենբեկովը ստացել է ձայների 54 տոկոսը: