Բանգլադեշն ու Մյանմարը պատրաստ են ընդունել ՄԱԿ-ի օգնությունը՝ ռոհինջա փախստականների հայրենադարձության հարցում
ՄիջազգայինԲանգլադեշի ԱԳ նախարար Աբուլ Հասան Մահմուդ Ալին նոյեմբերի 25-ին հայտնել է, որ իրենց երկիրն ու Մյանմարը պատրաստ են ընդունել օգնություն ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունից ՝ Մյանմարից փախած ռոհինջա մուսուլմանների հայրենադարձության հարցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ ռոհինջա մուսուլմանների հայրենադարձության գործում ՄԱԿ-ի Վարչության մասնակցության հետ կապված անորոշությունը ստիպել է իրավապաշտպան կազմակերպություններին պնդել դիտորդների անհրաժեշտությունը՝ փախստականների անվտանգ վերադարձն ապահովելու համար։
Նախօրեին Վարչությունը հայտնել էր, որ Մյանմարից Բանգլադեշ փախած ռոհինջա փախստականների թիվը կազմում է 622 հազար մարդ, նաեւ նշել, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը պատրաստ է միջազգային չափորոշիչներին համապատասխան օգնել Բանգլադեշին ու Մյանմարին՝ փախստականների խնդիրը լուծելու հարցում։
Ավելի վաղ Մյանմարի ու Բանգլադեշի իշխանությունները ստորագրել են փոխօգնության մասին հռչակագիր՝ ռոհինջա մուսուլմանների հայրենադարձության հարցով։ Ըստ դրա՝ հայրենադարձությունը պետք է սկսվի երկու ամիս հետո։