Libération պարբերականի խմբագրության վրա հարձակվողին 25 տարվա բանտարկության են դատապարտել
ՄիջազգայինՓարիզում դատարանը Libération պարբերականի խմբագրությունում հրաձգություն իրագործած Աբդելհաքիմ Դեքարին 25 տարվա բանտարկության է դատապարտել: Տղամարդը մեղադրվում է մի քանի անձանց մահափորձի, առեւանգման եւ ազատությունից ապօրինի զրկելու մեջ, փոխանցում է DW-ն:
Դեքարը ձերբակալվել է 2013 թվականին Փարիզից ոչ հեռու: Նա անգիտակից վիճակում էր, քանի որ, ենթադրաբար, փորձել էր ինքնասպանություն կատարել դեղամիջոցներ խմելով:
Դեքարի ավոմեքենայի մեջ նամակներ են հայտնաբերվել, որոնցում խոսք էր գնում Ֆրանսիայում «ֆաշիստական դավադրության» եւ «զանգվածներին մանիպուլացնելու» մասին:
2013-ի նոյեմբերին տղամարդը ներթափանցել էր Libération-ի խմբագրության շենք, մի քանի անգամ կրակել էր պարբերականի ֆոտոթղթակցի վրա եւ նրան ծանր վիրավորել: Նույն օրն ավելի ուշ նա կրակահերթեր էր արձակել Société Générale բանկի գրասենյակլներից մեկում եւ զենքի սպառնալիքով ավտոմեքենա առեւանգել՝ իր հետ տանելով նրա տիրոջը:
Դեքարը 1990-ական թվականներին արդեն դատապարտվել էր եւ 4 տարվա ազատազրկման դատապարտվել: Այդ ժամանակ նրան հանցագործությունների շարքի հանցակից էին ճանաչել, որոնց հետեւանքով սպանվել էին 3 ոստիկան եւ տաքսու վարորդը: Դրանից զատ, տղամարդուն մեղադրել էին ձախ ծայրահեղականներին զենք վաճառելու մեջ: