Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, պահպանվում է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակը. Գերմանիայի ՆԳՆ
ՄիջազգայինԵվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, ահաբեկչական վտանգի մակարդակը կայուն բարձր է մնում, դա վերաբերում է նաև խոշոր հանրային միջոցառումներին, այդ թվում՝ սուրբծննդյան տոնավաճառներին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յոհանես Դիմրոտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Գերմանիայում բացվում են ավանդական սուրբծննդյան տոնավաճառները:
«Եվրոպայում, ինչպես նաև Գերմանիայում, ահաբեկչական վտանգի մակարդակը կայուն բարձր է մնում: Դա վերաբերում է, ինչպես մենք կարող ենք եզրակացնել անցյալի մեր փորձից, նախ խոշոր հանրային միջոցառումներին, այդ թվում՝ սուրբծննդյան տոնավաճառներին»,- ասել է Դիմրոտը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ անվտանգության դաշնային մարմինները տեղեկատվության ակտիվ փոխանակում են իրականացնում շրջանային գերատեսչությունների հետ, որոնք պետք է միջոցներ ձեռնարկեն անվտանգության ոլորտում մշտապես փոփոխվող իրավիճակի հակազդեցության համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն Եվրոպա ուղևորվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին:
Նախազգուշացման մեջ հիշեցվում է, որ անցած տարի դեկտեմբերին հարձակումներ են իրականացվել Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, և Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, որի հետևանքով սպանվել է 39 մարդ: