Վիճակը, որում այսօր հայտնվել է Քրդստանը, անցողիկ է. Բարզանի
ՄիջազգայինԻրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին մեկնաբանել է Էրբիլի ու Բաղդադի միջև հարաբերություններն ու հայտարարել, որ այն խնդիրները, որոնց այսօր բախվել է քուրդ ժողովուրդը, անցողիկ են: Այս մասին գրում է քրդական nerinaazad.info կայքը:
«Թող քուրդ ժողովրդի կամքն ուժեղ, հույսը շատ լինի, քանի որ վիճակը, որում հայտնվել է Քրդստանը, անցողիկ է», - ասել է Բարզանին:
Նա նաև շեշտել է, որ հոկտեմբերի 16-ին, երբ իրաքյան բանակը քրդական «փեշմերգա» ուժերից հետ վերցրեց Բաղդադի ու Էրբիլի միջև վիճելի տարածք համարվող Քիրքուքի ռազմական դիրքերը, քրդերը պարտություն կրեցին «որոշ դավաճանների» պատճառով, որոնք «վաճառեցին Քրդստանը»:
Նշենք, որ օրեր առաջ Բարզանին «ապօրինի կառույց» է անվանել Իրաքի դաշնային դատարանն ու քննադատել է քրդական հանրաքվեն չեղարկող որոշումը:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հարցով հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել մարդկանց 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):