ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանին միայն օգուտ է բերում. Արամ Սաֆարյան
ՏնտեսությունՀայաստանի ընտրությունը՝ դառնալու ԵԱՏՄ-ի ակտիվ, կառուցողական անդամ ճիշտ էր, անդամակցությունը Հայաստանին բերում է միայն օգուտ:
Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ի վերջին երեք տարիների և 2017-ի առաջին ութ ամիսների հետազոտության արդյունքները ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Որպես՝ փորձագիտական կառույցի ղեկավար ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ է, մենք երկրորդ տարին է, որ քաղում ենք դրա բարեբեր պտուղները: 2016-ի երկրորդ կիսամյակում և 2017-ի առաջին ութ ամիսներին արտահանման ծավալներն աճել են, 2018-ին ևս շարունակելու են աճել: Մենք քաղելու ենք դրա քաղաքական պտուղները՝ լինելով կառուցողական դաշտում և ունենալով կառուցողական մասնակցություն ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին»,-ասաց Սաֆարյանը:
ԵԱՏՄ-ին անդամակցության և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նպատակն է Հայաստանը դուրս բերել կայուն զարգացման ճանապարհ:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից, ստորագրել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: