Մերկելն անդրադարձել է գերմանացի քաղաքապետի վրա զինված հարձակմանը և պատմել իր ապրած սարսափի մասին
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին սարսափեցրել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Ալտենա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքապետի վրա: Այս մասին Twitter-ում գրել է գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մերկելի խոսքով՝ քաղաքապետ Անդրեաս Հոլշտայնի վրա դանակով հարձակումը սարսափեցրել է իրեն, և ինքը հսկայական թեթևություն է զգում, որ նա կարող է կրկին լինել ընտանիքի հետ», - գրել է Զայբերտը:
Նրա խոսքով՝ Մերկելը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք օգնել են Հոլշտայնին:
Ինչպես ավելի վաղ գրել է Waz.de-ն, երկուշաբթի երեկոյան 56-ամյա հարբած տղամարդը դանակով հարձակվել է Ալտենայի քաղաքապետի վրա՝ վնասելով նրա պարանոցը: Դրանից առաջ նա բարձրաձայն քննադատել է քաղաքական գործչին:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել արագ սննդի կետում, վնասվածքներ է ստացել նաև հաստատության աշխատակիցը, որը փորձել է օգնության հասնել տուժածին:
Հոլշտայնը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
«Այդ պահին կողքիս զգոն մարդիկ կային. ուրախ եմ, որ ողջ եմ», - հայտնել է քաղաքական գործիչը Lokalstimme կայքին: