«Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը կգործի նաև Արցախում
ՀասարակությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակներում ծառայության պետը հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և խնդիրներ:
Հովհաննես Սահակյանը Արցախի Նախագահին է ներկայացրել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք քննարկվել էին նախորդ հանդիպման ընթացքում և գոհունակությամբ նշել է, որ դեկտեմբերի 1-ից նախատեսվում է «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը ներդնել նաև Արցախի Հանրապետությունում:
«2018 թվականի հունվարի 1-ից վճարման գործառույթը կիրականացվի բացառապես «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասել է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և հույս են հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: