«Ծաղկաձոր օփեն»-ի 7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանն անսպասելի պարտություն կրեց
ՍպորտԾաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից անսպասելի պարտություն կրեց Տիգրան Պետրոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը:
7 տուրերից հետո 6-ական միավորով առաջատարները Վիտալի Բերնադսկին և Մարին Բոսիոչիչն են:
Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի է ունենում «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: