ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը երկրներին կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ բոլոր կապերը խզել
ՄիջազգայինԱշխարհի երկրները պետք է Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած հարաբերություն խզեն: Այս մասին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը նվիրված է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք բոլոր երկրներին կոչ ենք անում խզել Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած կապ»,- ասել է դիվանագետը՝ հիշատակելով ռազմական, գիտական, տեխնիկական եւ տնտեսական համագործակցության ոլորտները:
Հեյլին Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային ծրագրերը կասեցնելու միջոցառումներից մեկն է համարում Փհենյանին համաշխարհային կազմակերպությունում ձայնից զրկելը: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեային զսպելու հարցում առաջատար դեր պետք է կատարի Չինաստանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել Հյուսիսային Կորեա նավթամթերքի մատակարարումը:
ԱՄՆ մշտական ներկայացուցչի կարծիքով՝ ռազմական դիմակայությունը, որը ցանկանում է սանձազերծել Կիմ Չեն Ընը, կբերի «Հյուսիսային Կորեայի ռեժիմի լիակատար ոչնչացմանը»: