Դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայի միջազգային մրցաշարին
ՍպորտՀայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները դեկտեմբերի 2-3-ին կմասնակցեն Ֆինլանդիայի միջազգային մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Այս օրերին հավաքական թիմը Ֆինլանդիայում է և դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի Ռուկայի միջազգային մրցաշարին: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը, Մարիամ Միքայելյանը, Աննա Մխիթարյանը և Աննա Ռաշոյանը:
Այնուհետ թիմը կմասնակցի նաև ֆիննական մեկ այլ մրցաշարի, որը նույնպես վարկանիշային է:
Լեռնադահուկորդներից Հարություն Հարությունյանն այժմ Իտալիայում մասնակցում է միջազգային ֆեդերացիայի մարզումային ճամբարին, որից հետո կմասնակցի միջազգային մրցաշարի: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վազգեն Առաքելյանը հավաք է անցկացնում Ավստրիայում: Նա ևս կմասնակցի վարկանիշային մրցաշարերի: Երկու լեռնադահուկորդներն էլ կմասնակցեն Զարգացող երկրների առաջնությանը (դեկտեմբերի 18-22-ը):
Մարզիկների համար մրցաշրջանը կավարտվի Հայաստանի առաջնությամբ, որը կկայանա հունվարին: