Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության ղեկավար կազմի դեմ տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության ղեկավար կազմի դեմ դատական հայց է ներկայացրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի ղեկավար կազմը կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ 2016-ի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած համաժողովից հետո հայտարարություն էր տարածել, որում նշվել էր, որ ահաբեկչական կառույցներ հանդիսացող գյուլենականներին, քուրդ զինյալներին, ԻՊ-ին աջակցող նախագահական պալատը եւ իշխող կուսակցությունը Թուրքիայի համար սպառնալիք են։
Այս հայտարարությունից հետո նախագահ Էրդողանը եւ իշխող կուսակցության գլխավոր գրասենյակը երկու դատական հայց են ներկայացրել CHP առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եւ կուսակցության ղեկավար կազմի դեմ։
Հայցերից մեկը ձեւակերպվել է տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ «թուրք ազգին եւ թուրքական պետությանը, պետական կառույցներին վիրավորելու» մեղադրանքով։
Սակայն այդ հոդվածի կիրառման համար դատարանը սպասում է Արդարադատության նախարարության կողմից հաստատման, որից հետո պատգամավորներին անձեռնխելությունից զրկելու համար միջնորդություն կներկայացվի խորհրդարան։