Վրաստանի անվտանգության ծառայությունը հաստատել է Թբիլիսիում Չաթաեւի զոհվելու փաստը
ՄիջազգայինՎրաստանի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում բնակելի տանն իրականացված հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է չեչեն Ահմեդ Չաթաեւը, որը Ստամբուլի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչն է, եւ որին Ռուսաստանում համարում են ԻՊ–ի համար ահաբեկիչներ հավաքագրող խմբի ղեկավար։ Այս մասին հայտնում է «Մեդուզա»–ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԱԾ–ին։
Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնում են, որ ուժայիններին դիմադրություն ցույց տալու ժամանակ Չաթաեւը պայթեցրել է իրեն։ Նրա ինքնությունը հաստատել են մատնահետքերի միջոցով։
Չաթաեւի հնարավոր զոհվելու մասին հայտնի էր դարձել հատուկ գործողությունից անմիջապես հետո։ Մասնավորապես այդ տեղեկությունը «Կավկազ.Ռեալիի» հետ զրույցում հաստատել էր ենթադրյալ ահաբեկչի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-22–ը Թբիլիսիի բնակելի տներից մեկում ենթադրյալ ահաբեկիչների դեմ հատուկ գործողություն է ընթացել, որի հետեւանքով զոհվել է մեկ հատուկջոկատային, վիրավորվել 4-ը։ Երեք հանցագործներ սպանվել էին, մեկը՝ ձերբակալվել։