C-400-ի գնումից հետո Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել. The Economist
ՄիջազգայինԲրիտանական The Economist պարբերականն անդրադարձել է C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ռուս-թուրքական գործարքին:
Ըստ պարբերականի՝ թեև ՆԱՏՕ-ն հայտնել է, որ Թուրքիան կարող է զինատեսակներ գնել ցանկացած երկրից, ու դա Թուրքիայի իշխանությունների անհատական որոշումն է, սակայն ռուսական զենքի գնումը, այնուամենայնիվ, անհնագստացնում է կառույցին:
The Economist-ը կանխատեսում է, որ Թուրքիայի այս քայլը կարող է պատճառ դառնալ այդ երկրի դեմ որոշ պատժամիջոցների կիրառման համար:
Որոշ ժամանակ առաջ թուրքական կայքերում C-400 զենիթահրթիռային համակարգերի հետ կապված հրապարակված ինֆոգրաֆիկ տեսնայութով ցուցադրվեցին այն օդային կործանիչները, որոնք ունակ է ոչնչացնել C-400-ը:
«Ցուցակի բոլոր ռազմական ինքնաթիռները ամերիկյան ինքնաթիռներ էին: Սա ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, հավանաբար, ընկալեցին որպես վատ հումոր», - գրում է պարբերականը:
Բացի այդ՝ բրիտանական պարբերականը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շրջանակներում C-400 համակարգերն արտադրող ընկերությունը նույնպես մտնում է այն արտադրողների ցուցակի մեջ, որոնց հետ պատժամիջոցներին միացած կողմերը պետք է որևէ գործարքի մեջ չմտնեն:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա: