Իսպանիան ռուս ծրագրավորողին կարտահանձնի ԱՄՆ
ՄիջազգայինԻսպանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել ռուս ծրագրավորող Ստանիսլավ Լիսովին Միացյալ Նահանգներ արտահանձնելուն: Լիսովը կասկածվում է վնասակար ծրագրի միջոցով բանկային տվյալներ գողանալու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, այդ մասին ասվում է երկրի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Լիսովը ձերբակալվել էր 2017 թվականի հունվարին Բարսելոնայում: Ներկայում նա գտնվում է կալանքի տակ: Օգոստոսին իսպանական դատարանը թույլատրել էր ծրագրավորողին հանձնել ԱՄՆ-ին: Վերջին խոսքը պետք է ասեր կառավարությունը:
Հուլիսի 13-ին նա նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իրավիճակը վերցնել վերահսկողության ներքո և թույլ չտալ իր արտահանձնումն ԱՄՆ:
ԱՄՆ իրավապահ մարմինները կասկածում են ծրագրավորողին NeverQuest վնասակար ծրագիրը մշակելու մեջ: Ամերիկյան կողմը մարտի 14-ին Իսպանիային է հանձնել նրա արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: