Գենոմի ուսումնասիրությունից մինչ կենսապլաստիկների ստեղծման ծրագրեր. ամփոփվեցին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի արդյունքները
Հասարակություն«Կենսապլաստիկները որպես կանաչ ապագայի գրավական», «Հայերի պաթոգենոմ» և «Forestnet» ծրագրերը հաղթող ճանաչվեցին «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին նոյեմբերի 4-ին:
«Հայերի պաթոգենոմ» ծրագիրը նպատակաուղղված է հայկական գենոմի ուսումնասիրությանը: Այն նվիրված է նաև տարբեր գենետիկական հիվանդությունների ռիսկերի գնահատմանը՝ թե ինչ ռիսկեր կան մեր պոպուլյացիայում, որ մուտացիաներն են յուրահատուկ հայերին, որոնք կարող են լինել հիվանդության առաջացման ռիսկի գործոններ: Ռիսկերը գնահատում ենք մուտացիաների ձևով: Բոլորս ունենք մուտացիաներ: Կախված նրանից, թե պոպուլյացիայում ինչ հաճախականությամբ է հանդիպում այդ մուտացիան, մենք կարող ենք եզրակացություն անել՝ ռիսկի գործոնը շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների դեպքում կհանգեցնի հիվանդության դրսևորման: Այդ հիվանդությունները ժառանագական են, բայց դրանց բուն պատճառը հայտնի չէ: Բազմագործոն հիվանդությունների օրինակներ են՝ շաքարային դիաբետը, սրտանոթային, հոգեկան հիվանդությունները»,- ասաց «Կենդանի համակարգեր» անվանակարգում հաղթող ճանաչված «Հայերի պաթոգենոմ» ծրագրի համահեղինակ Հովսեփ Ղազարյանը:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ավելի շատ ռիսկի խմբում են սրտի իշեմիկ հիվանդությունները, դիաբետները, շագանակագեղձի քաղցկեղը: Նույն ծրագրի համահեղինակներն են նաև Անահիտ Հովհաննիսյանը, Մարիա Նիկողոսյանը:
«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Forestnet» ծրագիրը՝ Մարիամ Ստեփանյանի և Ալբերտ Ամիրբեկյանի հեղինակությամբ: Մրցանակերից մեկն էլ «Կենսապլաստիկները որպես կանաչ ապագայի գրավական» ծրագրինն էր, որի հեղինակներն են Աշխեն Արզումանյանը և Էմիլիա Սիմոնյանը:
Հաղթողները ստացան դրամական պարգևներ:
«Մենք գնահատելիս հաշվի ենք առել ընդհանուր մշակումների արդիականությունը և հիմնավորվածություն: Հաշվի ենք առել նաև այն, թե գաղափարները որքանով է հնարավոր ներդնել մեր տնտեսությունում»,-ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչ, մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամ Վահագն Ամիրխանյանը: