Լիբանանի վարչապետը պաշտոնապես չեղարկել է իր հրաժարականի դիմումը
ՄիջազգայինԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին, պաշտոնապես չեղարկել է իր հրաժարականի դիմումը և վերահաստատել, որ մտքափոխվել է հեռանալ իր պաշտոնից, հայտնում է Associated Press-ը:
«Կառավարությունը հավատարիմ է նրան, ինչ հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը՝ Լիբանանը մնում է հեռու տարածաշրջանում նրա շուրջը բռնկվող կրակից Լիբանանի ժողովրդի միասնական դիրքորոշման շնորհիվ»,- հայտնել է վարչապետը՝ երեքշաբթի կառավարութան նիստի ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանան վերադառնալուց հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում հայտարարել էր հրաժարական տալու մասին, հրաժարվել է հրաժարականի մասին իր որոշումից և կրկին գլխավորել է երկրի կառավարությունը:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Լիբանանի նախագահը հրաժարվել է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք: